Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը այսօր՝ հուլիսի 31-ին,  մոտ երկու ժամ գնդակոծվել է հակառակորդի կողմից։ NEWS.am-ի հետ զրուցում ասաց Բարեկամավանի գյուղապետ Գագիկ  Աբազյանն ասաց, որ գնդակոծության հետեւանքով գյուղի բնակիչները նյութական վնասներ են կրել, վնասվել են տների տանիքները:

«Կրակոցները սկսվել են ժամը 17:00-ից, տեւել են մոտ երկու ժամ, առանձնապես էական վնասներ չկան, մի քանի տան տանիք է վնասվել»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ գյուղի ուղղությամբ կրակոցները հաճախակի չեն լինում, հիմնականում պատահական են լինում, բայց այսօր հակառակորդը հենց գյուղի ուղղությամբ են կրակել:

Գյուղապետը նաեւ նշեց, որ կրակոցների ժամանակ գյուղացիները պատսպարվում են տների նկուղներում:

Բարեկամավանն ունի 300 բնակիչ։ Գյուղապետի խոսքով՝ բնակիչների մի մասն արտագաղթել է՝ հիմնականում աշխատանք չունենալու պատճառով։