Հարավաֆրիկյան հանրապետությունում բաց բեռնատարով փոխադրվող ընձուղտը զոհվել է՝ գլուխը հարվածելով կամրջին: Այս մասին գրում է France Press գործակալություն՝ հղում կատարելով Կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի հանրությանը (SPCA):

Միջադեպը տեղի է ունեցել ՀԱՀ մայրաքաղաք Պրետորիայի եւ Յոհաննեսբուրգի միջեւ ընկած ավտոճանապարհին: Առայժմ հայտնի չէ, ընձուղտը վայրի՞ է եղել, թե՞ պատկանել է կենդանաբանական այգու:

«Մեր հետաքննությունը ցույց տվեց, որ օգտագործված փոխադրամիջոցը չի համապատասխանել անհրաժեշտ պահանջներին»,- հայտարարել է SPCA-ի ներկայացուցիչ Ռիք Ալլանը:

Նա նաեւ հավելել է, որ, անասնաբույժի եզրակացության համաձայն, կենդանին երիտասարդ է եղել: Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպացական ասոցիացիան (EAZA) արգելում է մինչեւ 15 ամսական ընձուղտներին բաժանել մորից եւ փոխադրել առանձին վայր: EAZA-ն հատուկ նշում է, որ այդ կենդանիների փոխադրումը բարդ եւ բավական ռիսկային խնդիր է: Ընձուղտների ցամաքային փոխադրության համար ասոցիացիան խորհուրդ է տալիս հատուկ մասնագիտացված փոխադրամիջոց օգտագործել:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, SPCA-ը մտադիր է քրեական պատասխանատվության կանչել ընձուղտի մահվան համար պատասխանատուներին: