Սթենֆորդի համալսարանի սկսնակ բժիշկներն իրենց վիրահատական գործիքների թվին ավելացնելու են նաեւ Google Glass-ը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Cnet-ին:

Ենթադրվում է, որ վիրահատության ժամանակ այն ամենը, ինչ տեսնում են ուսանողները, հեռարձակվելու է վիրաբույժի համար, ով այդ կերպ հնարավորություն է ունենալու շտկումներ մտցնել նրանց աշխատանքում եւ սովորեցնել: Հեռարձակումը կատարելու է CrowdOptic ընկերությունը:

Սթենֆորդի համալսարանի նախագիծն իրականացվում է Glass at Work ծրագրի շրջանակում, որի նպատակը կյանքի տարբեր ոլորտներում Google Glass-ի կիրառման նոր միջոցներ գտնելն է:

Այսպես, օրինակ, խելացի ակնոցն արդեն կիրառվում է սպորտում: Հատուկ հավելվածի օգնությամբ կարելի է անմիջականորեն դաշտը նկարահանող պրոֆեսիոնալ տեսախցիկներից տարբեր թիմերի խաղեր դիտել:

Սակայն Google Glass-ն ամենաակտիվն օգտագործվում է բժշկությունում: UCI School of Medicine-ը խելացի ակնոցն ուսումնական ծրագրում ներդրել է դեռեւս այս տարվա մայիսին: