2010-ի սկիզբը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի առումով բավական խոստումնալից է։ Այս մասին հունիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով Երեւանում եւ հանրապետության մարզերում գտնվող հյուրանոցների միջին ծանրաբեռնվածության ցուցանիշների մասին։

Նրա խոսքով, 2010 թվականի տվալներն իրենցով բավական նման են 2008-ի տվյալներին։ «Իսկ 2008-ը զբոսաշրջության առումով Հայաստանի համար բավական հաջող տարի էր։ Այնպես որ, այս տարվա ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ որ 2008 թվականի տվյալները»,- նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով, աննպաստ էր հատկապես անցած տարին։ «Իսկ ընդհանրապես, չէի ասի, թե տարածաշրջանային այլ երկրների համեմատությամբ Հայաստանում հյուրանոցների գները ֆանտաստիկ թանկ են»,- ասաց Հակոբյանը՝ չկարողանալով, սակայն, չհամաձայնել լրագրողների այն դիտարկմանը, թե հայաստանցիների համար ներքին զբոսաշրջությունը բավական թանկ է (նրա խոսքով՝ «որոշակիորեն թանկ»)։ «Ինչ վերաբերում է Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցների զբաղվածության մակարդակին, սեզոնի պիկային շրջանում այն հասնում է 80-100 տոկոսի, իսկ մարզերում գտնվող հյուրանոցներում՝ մինչեւ 45 տոկոսի»,- ամփոփեց  Հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահը։

Ասուլիսի մյուս բանախոս, Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանն էլ ավելացրեց, որ անցած տարվա տվյալներով Հայաստան է այցելել մոտ 570 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ։ «Ընդհանուր թվի մեջ կազմակերպված զբոսաշրջությանը բաժին է ընկել ընդամենը 20-25 տոկոս»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Երեւանում եւ մարզերում գտնվող հյորանոցների ծանրաբեռնվածության ընդհանուր մակարդակը կազմում է 25-30 տոկոս։

«Այսօր առանց վիզային ռեժիմի՝ Հայաստանն աշխատում է ԱՊՀ երկրների հետ, սակայն ավելի ճիշտ կլիներ, որպեսզի նույն աշխատանքները տարվեին այնպիսի դոնոր երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան»,- կարծիք հայտնեց Ռոբերտ Մինասյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ամբողջ աշխարհում տարեկան ճանապարհորդում է շուրջ 1 մլրդ մարդ։ Ռոբերտ Մինասյանի կարծիքով, Հայաստանը պետք է անի ամեն բան, որպեսզի զարգացնի հատկապես առողջարարական զբոսաշրջությունը։ «Առողջարարական զբոսաշրջությունը Հայաստանում զարգանալու մեծ հնարավորություններ ունի։ Սրան զուգահեռ՝ միտում է նկատվում արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,-տեղեկացրեց Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահը։

Ամփոփելով՝ Ռոբերտ Մինասյանը հիշեցրեց, որ եթե տարիներ առաջ հարեւան Թուրքիան ընդունում էր տարեկան մոտ 9 մլն զբոսաշրջիկ, ապա այսօր Թուրքիա այցելողների թիվը հասնում է շուրջ 29 միլիոնի։ «Դա լուրջ քաղաքականության արդյունք է»,- ասաց նա։