ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 1-ին հանդիպեց  Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին եւ քննարկել ճանապարհաշինության եւ հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները:

Նշվեց, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու, որոնցից են Հայաստանի հարավային երկաթուղու կառուցումը եւ երկաթուղային ցանցի միացումը իրանական ցանցին:

Մոհամմադ Ռեյիսին ընդգծեց ճանապարհաշինական մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրի կարեւորությունը, միաժամանակ տեղեկացրեց, որ իրանական կողմից եւս կառուցվում է բարձրակարգ արագընթաց ճանապարհ դեպի Հայաստանի սահման, որը հետագայում լուրջ համագործակցության հնարավորություն կընձեռնի տրանսպորտի բնագավառում:

Գագիկ Բեգլարյանը ողջունեց իրանական կողմի պատրաստակամությունը եւ հույս հայտնեց, որ այս բնագավառում Իրանն է՛լ ավելի կակտիվացնի իր գործունեությունը:

Նախարարը նշեց նաեւ, որ հայկական կողմը պատրաստ է անել հնարավորինը լայնաշերտ ինտերնետի տարանցման երկկողմ հնարավորությունները զարգացնելու եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով: 

Անդրադառնալով նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Գագիկ Բեգլարյանը ընդգծեց դրանց իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ հայկական կողմը մի շարք ներդրումային ծրագրեր կփոխանցի ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը՝ Իրանի գործարար միջավայրում տարածելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հոկտեմբերին Իրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: