ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով կոմիտեի նախագահ Իսաբել Սանթոսը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության ակտիվացած ճնշումը:

Նա Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողություններն անվանել է «երկրի իշխանությունների կողմից ժամանակակից, դեմոկրատական պետություն դառնալու մասին հայտարարությունների ծաղր»: «Ես ապշած էի իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի օրում: Մասնավորապես, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի՝ երկրից մեկնելու արգելքից, ինչպես նաեւ հստակ քաղաքականացված մեղադրանքներն ընդդեմ Լեյլա  Յունուսի եւ նրա ամուսնու»,- հայտարարել է Սանթոսը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել մեկ ամսից էլ քիչ անց այն բանից հետո, երբ Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջան տեղի ունեցավ, դրանք ավելի ամոթալի է դարձնում: Իսաբել Սանթոսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին լուրջ վերաբերվել ԵԱՀԿ առջեւ իրենց պարտականություններին եւ անհապաղ դադարեցնել այդ միտումները: