Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության հետ կապված Հայաստանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներ եւ զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ եւ ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաեւ սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից եւ ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ եւ անմիտ վրեժխնդրության դրսեւորումների նկատմամբ պատժամիջոցները»: