«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի իրականացրած «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին ու մարզիկներին» բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 2-ին, Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում բնակարանամուտը տոնեցին 338 շահառուներ՝ 98 լրագրող, 112 բժիշկ, 115 մանկավարժ եւ 13 մարզիկ:
Բազմաֆունկցիոնալ շենքերի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Նախագահը շրջեց շենքային համալիրում, այցելեց շահառուների բնակարաններ, ծանոթացավ կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:
«Մինչեւ այս համալիրը մենք շահագործման ենք հանձնել Ավան 1, 2 համալիրները, սա Ավան 3 համալիրն է, որն ամենամասշտաբայինն է՝ շուրջ 338 բնակարան, 120 ավտոկայանատեղի եւ հասարակական սպասարկման 10 տարածք: Ծրագիրը շարունակական է լինելու, կառուցվում է Ավան 4 համալիրը, որն ավարտին կհասցնենք 14 ամսվա ընթացքում: Ավան 4 համալիրը նախատեսված է հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտի երիտասարդ մասնագետների համար: Եթե պահանջարկ լինի, շարունակակությունը կապահովվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։
Արսեն Քարամյանը նշեց, որ նախկինում կառուցված համալիրներում որոշակի խնդիրներ են առաջացել, ինչը «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության անբարեխիղճ աշխատանքի հետեւանքով է եղել, սակայն իրենք դիմել են այդ շինարարական կազմակերպությանը թերացումները շտկելու պահանջով:
«Այս նոր համալիրում կարծում եմ՝ խնդիրներ չեն առաջանա, քանի որ այլ շինարարական կազմակերպություն է աշխատանքներ իրականացնում, եւ կարծում եմ, որ բնակարանատերերը իրենք էլ կգնահատեն որակյալ աշխատանքը»,-ասաց նա:
Բացման արարողությունը ուղեկցվեց կարճ համերգային ծրագրով եւ հումորային բեմականացմամբ։ Հաղորդավար Սամվել Գրիգորյանը նկատեց, որ նորակառույց համալիրում երբեք խնդիրներ չեն լինի, քանի որ այնտեղ 98 լրագրող է բնակվում։
Ավան 3 համալիրի բնակարանատեր, մասնագիտությամբ բժիշկ-վնասվածքաբան Լեւոն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանները մատչելի չեն, սակայն շուկայականից բավականին ցածր գներով են:
«Սխալ կլինի ասել, որ մատչելի են բնակարանները, քանի որ մատչելին հարաբերական է, ուղղակի շուկայականից բավականին ցածր գներ են, սակայն, ցավոք սրտի, շատ երիտասարդ մասնագետների համար նույնիսկ այս գինը հասանելի չէ»,-ասաց Լեւոն Գրիգորյանը՝ նշելով, որ իրենք գոհ են կատարված աշխատանքի որակից:
Նշենք, որ 2012թ. մեկնարկած համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 48131քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 11700 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր կոմունիկացիոն համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ: Բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը կազմում է 185 000 դրամ:
Աշնանը կմեկնարկեն շենքերի հարակից տարածքում քաղաքային պուրակի ձևավորման և ծառատնկման աշխատանքները, որտեղ կկառուցվեն նաև մանկական խաղահրապարակներ և ծառուղիներ:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5.864.923.000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ավելի քան 900 աշխատատեղ:











