Օգոստոսի 1-ից ՀՀ սպառողների համար Էլեկտրաէներգիայի  4 դրամով թանկացման դեմ նախօրեին Երեւանում տեղի ունեցած «Ոչ թալանին։ խորագրով մոմերով երթին զուգահեռ նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Կապանում, Գավառում, Գյումրիում։

Կապանում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սյունիքի մարզպետարանի առջև ժամը 19։00-ին հավաքվել են մի խումբ կապանցիներ, որոնք մոմեր են վառել ի նշան դժգոհության։

 «Առանց այդ էլ ծանր կեցությունն ավելի են ծանրացնում, բայց կարծում եմ, որ մեծ արձագանքներ կլինեն և Կապանը անմասն չի մնա , ոչ միայն մենք, այլ բոլոր գիտակից քաղաքացիները , քաղաքական և քաղաքացիական ուժերը կմիանան նախաձեռնությանը»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հակոբյանը:

Ակցիայի մասնակիցները ընդգծում էին, որ մոմերը խորհրդանշական են եւ ցույց են տալիս, որ  Էլեկտրաէներգիայի թանկացմամբ կրկին վերադառնում ենք ենք ցուրտ ու մութ տարիներին։

«Իրենք իշխանություն չեն, իշխան ծնվում են։ Ուղղակի փողն իրենց քչություն է անում, մտածում են՝ ինչ անեն, որ ժողովրդից ավելի շատ փող պոկեն»,-ասաց ակցիայի մասնակից Օնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին»  նախաձեռնության անդամները օգոստոսի 1-ին վառվող մոմերով քայլել են դեպի Կառավարության շենք եւ իշխանություններին մինչեւ սեպտեմբերի առաջին շաբաթը ժամանակ են տվել, որպեսզի կատարեն իրենց պահանջները: Նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է ստեղծել անկախ հանձնաժողով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան ՀՀ սպառողների համար 4 դրամով թանկացնելու ՀԾԿՀ որոշումը վերանայելու համար եւ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը անփոփոխ թողնել էլեկտրաէներգիայի սակագինը: