Շատ տարօրինակ եւ դատապարտելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ կերպ չեն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:

«Իրենց խնդիրն է խաղաղության մի աղյուսը մյուսին դնելը: Ինձ համար անընդունելի է, որ խաղաղարար առաքելությամբ հանդես եկող 3 երկրները որեւէ կոչ չեն անում Ադրբեջանին: Իհարկե, Հայաստանը կարող է համարժեք պատասխան տալ, սակայն հարցը չի լուծվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները պիտի այ հենց հիմա գան Տավուշ եւ մոնիթորինգ անցկացնեն, ոչ թե մի չինովնիկ սահման գա այն ժամանակ երբ ինքն է ցանկանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը զարմանում է նաեւ, թե ինչու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ռազմական դաշնակցից՝ Ռուսաստանից որեւէ պահանջ չի ներկայացնում, ԱԺ հանձնաժողովները արտահերթ նիստեր չեն հրավիրում եւ փորձում հարցը բարձրացնել միջազգային ատյաններին. «Եվ վերջապես ինչո՞ւ մեր ԱԳՆ-ն որեւէ նոտա չի ուղարկում, անհասկանալի է, նոնսենս է: Սա մի հարց է, որը միայն ռազմական հադարձումներով չի կարող լուծվել, քաղաքական միջամտություն է հարկավոր, իսկ մեր երկրի վերնախավը խրոնիկական հիվանդ է ոչ պրոֆեսլիոնալիզմով: ՀԱՊԿ-ն օրինակ ի՞նչ է փոխելու Հայաստանի անվտանգության վիճակում: Քանի շաբաթ է՝ ասում եմ՝ ինչո՞ւ ենք մենք վճարում ռուս սահմանապահի համար, եթե նա միայն Գյումրիում է կանգնում, ինչո՞ւ Տավուշ չի գալիս, ինչո՞ւ է  Հայաստանի սահմանները պահում միայն հայ զինվորը, ինչի՞ համար է հայ հարկատուն վճարում ռուս սահմանապահի համար, եթե սահմանի պաշտպանությունը 18-ամյա տղայի ուսերին է»:

Նշենք, որ վերջին օրերին լարված է հայ-ադրբեջանական սահմանին: Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունի 3 կորուստ, իսկ ադրբեջանականը՝ երկու տասնյակից ավելի: