Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ Կիեւ հարցաքննության: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով, սակայն, իրեն պարզ չէ առթիը: «Բայց երբ ստանամ պաշտոնական ծանուցագիրը, կգնամ Ուկրաինայի անվտանգության ծառայություն: Նման դեպք արդեն եղել է՝ հարցաքննության էին կանչել Իտալիա, բայց թուղթն այդպես էլ չեկավ, ուստի ես ոչ մի տեղ չգնացի»,-ասել է Ժիրինովսկին: Նա հավելել է, որ երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը՝ պաշտպանելով Նովոռոսիան, եւ շարունակում է դա պնդել, առավել եւս, որ դա իր սահմանադրական իրավունքն է:
Հիշեցնենք, որ Ժիրինովսկիին կանչել են Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն՝ հարցաքննության: Կիեւում ՌԼԴԿ առաջնորդից բացի ուզում են հարցաքննել նաեւ ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին, գործարար Կոնստանտին Մալաֆեեւին եւ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին: Նրանց կասկածում են Դոնբասի անջատողականներին աջակցելու եւ նրանց գործունեությունը ֆինանսավորելու մեջ:





























