Հատուկ բժշկական օդանավով օգոստոսի 2-ին Լիբերիայից ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազա է բերվել Էբոլա վիրուսի առաջին կրող, 33-ամյա բժիշկ Քենթ Բրենթլին, որի օրգանիզմ է ընկել վտանգավոր վիրուսը, հաղորդում է CNN-ը:
Սպիտակ գույնի պաշտպանական հագուստով բժիշկը ժամանել է Ատլանտայի Էմորի համալսարանի հետազոտական հիվանդանոց: Երկրորդ հիվանդը ամերիկուհի Նենսի Ռեյթբոլը, ով նույնպես վարակվել է Աֆրիկայում, առաջիկա երկու օրերի ընթացքում կժամանի նույն հիվանդանոց:
Ամերիկյան իշխանությունները վստահ են, որ հիվանդները չեն կարող վտանգ ներկայացնել մյուս քաղաքացիների համար, քանի որ գտնվելու են մեկուսացված բաժնում: Երկու հիվանդներն էլ հիվանդանոցում կմնան մոտ մեկ տարի:
Վարակիչ հիվանդությունների մասնագետ, բժիշ Ջեյ Վարքիի խոսքով՝ հիվանդանոցում սարքավորումները թույլ են տալիս բուժել ավելի ծանր հիվանդություններ, քան Էբոլա տենդը:
«Էբոլա տենդը փոխանցվում է միայն արյան կամ կենսաբանական հեղուկների միջոցով: Ի տարբերություն գրիպի, որի հետ բախվում ենք ամեն ամառ, Էբոլա տենդը օդակաթիլային եղանակով չի փոխանցվում»,- պարզաբանել է Վարքին: Նա նաեւ հավելել է, որ աշխարհում դեռ գոյություն չունի վտանգավոր այս հիվանդության հատուկ բուժում կամ դրա դեմ պատվաստանյութ:





























