Ամերիկյան Տոլեդո քաղաքում (Օհայո նահանգում) ջրատար խողովակում հայտնաբերել են միկրոցիստին տոքսիկ նյութ: Տեղական իշխանություններն արգելել են քաղաքի եւ շրջակայքի ավելի քան 500 հազար բնակչի օգտագործել ծորակի ջուրը խմելու, սնունդ պատրաստելու, ինչպես նաեւ երեխաներին լողացնելու համար:
Արտակարգ դրություն է հայտարարվել նահանգօ մի քանի շրջաններում: Քաղաքում եւ շրջակայքում մինչեւ խնդրի լուծումը փակ կլինեն բոլոր սրճարաններն ու ռեստորանները, դպրոցներում եւ համալսարաններում չեղյալ են հայտարարվել դասընթացները: Քաղաքի իշխանությունները պարզաբանել են, որ ջուրը խողովակներում է հայտնվում Էրի լճից, որտեղ կարող են ջրիմուռներ լինել՝ արտադրելով տոքսիկ նյութեր: Նշվում է, որ ջուրը եռացնելը չի վերացնի խնդիրը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ազգային գվարդիայի ստորաբաժանումները բնակիչների համար ջրի բաժանման կետեր են կազմակերպել: Տեղական իշխանությունները նախազգուշացրել են, որպեսզի մարդիկ չփորձեն շահարկել ստեղծված իրավիճակը. նրանք արգելել են վերավաճառել շշալցված հեղուկը:





























