Առնվազն 4 մարդ մահացել, եւս 20-ը տուժել են Իտալիայի հյուսիս-արեւելյան Տրեւիզո քաղաքի մերձակայքում գտնվող Ռեֆրոնտոլո բնակավայրում գրանցված ջրհեղեղի արդյունքում:

Հորդառատ անձրեւի հետեւանքով կավե հոսք է եղել, որն օգոստոսի 2-ի երեկոյան ծածկել է Ռեֆրոնտոլոն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, գրում է, որ գյուղում այդ օրը տոն է եղել:

Պատահարի վայրում մինչեւ հիմա փրկարարներ են աշխատում: Նրանք փնտրում են անհետ կորած 2 բնակչի: Վիրավորներից 4-ի վիճակը ճգնաժամային է գնահատվում:

Այս ամառն Ապենինյան լեռներում անձրեւոտ եւ սառն է: Օդերեւութաբանների խոսքով, հուլիսին այստեղ վերջին 150 տարիների ընթացքում տեղումների քանակության ռեկորդ է սահմանվել:

Ավելի վաղ Միլանում տեւական հորդառատ անձրեւները կենտրոնական փողոցների մեկի հիմքի քանդման պատճառ էին դարձել:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 6 մետր տրամագծով եւ 12 մետր խորությամբ ձագարն առաջացել էր քաղաքի Պորտա Ռոմանա թաղամասում: