«Իսլամիստական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլ քաղաքում վերահսկողություն են սահմանել խոշորագույն ջրամբարի եւ երկրի հյուսիսում գտնվող երեք քաղաքի հանդեպ, հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Մտահոգություններ են հայտնում, որ այժմ ահաբեկիչները կկարողանան ջրամբարն օգտագործել խոշոր քաղաքները ջրի տակ անցկացնելու կամ դրանք ջրից զրկելու համար: ԻՊ գրոհայինները զավթել են Վանա եւ Սինջար քաղաքները՝ դրանց վերեւում բարձրացնելով իրենց սեւ դրոշները:

Սինջարում բնակվում էին հազարավոր մարդիկ, որոնք փրկվել էին ԻՊ հարձակումից: Նրանց թվում Իրաքի փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ կան՝ ինչպես շիա կամ եզդի: Գրոհայինները ավերել են նաեւ շիա սրբի դամբարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ականատեսները պնդում են, որ գրոհայիններին ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել, քուր զինվորական խմբավորումները, որոնք Վանայում եւ Սինջարում են հաստատվել դեռ հունիսին, ջրամբարը եւ քաղաքները լքել են նախքան թշնամիների մուտքը:

«Փեշմերգան հետ է քաշվել լեռնային շրջաններ, որտեղ համալրվում է»,- գործակալությանը հայտարարել է քրդական ջոկատների բարձրաստճան աղբյուրը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին նավթային երկու հանքավայրերի զավթման մասին: