Կոլումբիացիները երաժշտական նոր գործիք են հայտնաբերել՝ լուդոֆոն (ludofono), որի նպատակն է երեխաների համար ավելի հասանելի դարձնել երաժշտությունը:
Լուդոֆոնն արտասովոր համադրություն է. մեկում միավորված են փողային, հարվածային եւ լարային գործիքները:
Հայտնագործության հեղինակների մտահղացմամբ, նվագելով՝ երեխաները կկարողանան որոշել այն գործիքը, որն իրենց ամենաշատն է դուր գալիս՝ պարզապես ընտրելով տարբեր երաժշտություն եւ դրա կատարման տարբերակները: Բացի այդ, փողային եւ լարային բաղադրիչների գամման կազմված է այնպես, որ հնարավորինս դյուրին լինի երեխաներին սովորեցնել նոտաներն ու միմյանց միջեւ դրանց կապը:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, յուրաքանչյուր նոտա առանձին գույն ունի, եւ նոր կոմպոզիցիա սովորեցնելիս ուսուցիչը պարզապես տախտակի վրա գունավոր թղթերից կազմում է մեղեդին, որը երեխաները հեշտությամբ նվագում են իրենց գործիքով:
Զարմանալի չէ, որ լուդոֆոնն արժանացել է հանրության ուշադրությանը, իսկ 2014 թվականի հուլիսին այն արժանացել է «Ամերիկայի նորարարություն» մրցանակին՝ «Դիզայն» անվանակարգում:





























