Անգլիկան եկեղեցու եպիսկոպոսները Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ապաստան տրամադրել Իրաքից քրիստոնյա փախստականներին:
Հազարավոր քրիստոնյաներ լքել են Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն այն բանից հետո, երբ այն գրաված «Իսլամական պետություն» խմբավորման անդամները պահանջել են մահմեդականություն ընդունել կամ հատուկ հարկ վճարել: Հակառակ դեպքում նրանց սպառնացել են մահապատժի ենթարկել:
Անգլիկան եպիսկոպոսները հայտարարել են, որ բրիտանական կառավարությունը «բարոյապես պարտավոր է» նրանց ապաստան տրամադրել, քանի որ Մեծ Բրիտանիան 2003 թվականին մասնակցել է Իրաք ներխուժմանը, որը հանգեցրել է երկրում անկայունության եւ արդյունքում՝ «Իսլամական պետության» ստեղծման: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2003 թվականին Իրաքում շուրջ մեկ միլիոն քրիստոնյա էր ապրում: Նրանց երկու երրորդն արդեն լքել է երկիրը:
Մասուլում մնացած 30 հազար քրիստոնյաները «Իսլամական պետության» կողմից սպառնալիքից հետո լքել են երկիրը: Երկու հազար տարվա ընթացքում առաջին անգամ Մոսուլում քրիստոնյաներ այլեւս չեն մնացել:





























