Բուդապեշտի կենդանաբանական այգու այցելուները նկարահանել են փրկարարի դերում հայտնված գորշ արջի: Տեսանյութի սկզբում ագռավ է պատկերված, որն ընկել է գիշատչի ազատավանդակում գտնվող ջրամբարը: Ագռավը թռչելու անհաջող փորձեր է անում, իսկ գորշ արջն անսպասելիորեն գալիս է օգնության:

Արջն ատամներով բռնում է թռչնի թեւից, դուրս քաշում ջրից եւ անմիջապես կորցնում նրան հանդեպ հետաքրքրությունը: Ագռավը փրկվելուց հետո փոքր-ինչ շփոթված է, սակայն արագորեն ուշքի է գալիս:

Independent-ի լրագրողները թերահավատորեն են վերաբերվում ագռավին փրկելու հանգամանքին. «Ամենայն հավանականությամբ, արջն իրականում փորձում է ձուկ որսալ, սակայն հետո հասկանում է, որ որսածը սաղմոն չէ: Սակայն մի կողմ թողնենք բացասականը. հնարավոր է՝ սա աշխարհի ամենաբարի արջն է եւ իսկապես սիրում է այդ ագռավին»: