Հայաստանի ոստիկանությունը դեռեւս իրավական դաշտ չի ստեղծել ճանապարհներին տեղադրված արագաչափերի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ փողոցներում եւ ավտոճանապարհներին տեսախցիկներ տեղադրելով՝ ՀՀ կառավարությունը Ոստիկանությանը հանձնարարել է հաստատել դրանց շահագործման կարգը. ցուցմունքների հաշվարկ, տուգանքներ, ցուցմունքներում առավելագույն սխալներ եւ այլն:
«Դա հակասում է «Իրավական ակտերի մասին» օրենքի 68-րդ հոդվածին, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող օրենքներով եւ իրավական այլ ակտերով չնախատեսված պարտավորություն կրել: Ճանապարհային ոստիկանության աշխատակցից պահանջեք, որպեսզի գրառի, թե ինչի համար ու որքան է ձեզ տուգանում, եւ այդ թղթով եկեք մեզ մոտ»,- հավելեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ արդեն 2 տարի շարունակվող տեսահսկման խցիկների եւ արագաչափերի տեղադրումը Հայաստանում վարորդների դժգոհության պատճառ է դարձել: Միաժամանակ, դրա արդյունքում աճել է վերահսկողությունը եւ կտրուկ նվազել է մեքենաների գողության թիվը:





























