Հրազդանի «Ցեմենտ Սերվիս» ընկերության շուրջ 100 աշխատակիցներ այսօր՝ օգոստոսի 5-ի առավոտյան կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի բակում՝ պահանջելով իրենց 4 ամսվա աշխատավարձերը:
NEWS.am-ի թղթակից հաղորդմամբ՝ աշխատակիցներին դեռ նախորդ շաբաթ էին խոստացել աշխատավարձերը վճարել երկուշաբթի օրը:
«Անցած շաբաթ բողոքեցինք, մեզ հավաքեցին, ասացին երկուշաբթի կվճարենք, ազատման դիմումներ մի գրեք, բայց էլի խաբեցին: Մենք մեր ամբողջ կյանքն այս գործարանում ենք դրել, լավ գիտենք, թե ինքան արտադրանք ենք տալիս, գալիս, ասում են՝ գազի պարտք ունենք, հումք չունենք, բայց դա մեզ չի հետաքրքրում. մենք մարդ ենք ու մեր աշխատածն ենք ուզում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի կռունկավար Մհեր Ավագյանը:
Բանվորների պատմելով՝ իրենք այնքան պարտքեր են կուտակել, որ չգիտեն՝ ոնց են տալու, իսկ բանկերն էլ հրաժարվում են վարկեր տրամադրել:
«Ասում են՝ ցեմենտի գործարանից եք, ձեզ վարկ չի հասնում, մի հատ պարան ա մնում, վերցնենք, կախվենք, պրծնենք»,- դժգոհում էին աշխատակիցները:
Գործարանի աշխատողները շուրջ 2 ժամ սպասեցին, մինչեւ իրենց մոտեցավ գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ բոլորին ճանաչում է եւ «ցավում է» իրավիճակի համար:
«Ես շատ լավ հասկանում եմ, քանի որ ինքս երկար տարիներ գործարանի տնօրենն եմ եղել: Այս անգան հստակ ասացին, որ կվճարվի մինչև շաբաթվա վերջ»,-ասաց փոխտնօրենը:
Աշխատակիցները որոշեցին սպասել:
Նշենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել է, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ։





























