Իսրայելն ինքնուրույն կհետաքննի Գազայի հատվածի ափերի մոտ տեղի ունեցած՝ «Ազատության նավատորմի» գրոհը։ Ավելի վաղ Իսրայելը մերժել էր միջադեպի միջազգային հետաքննություն անցկացնելու  ՄԱԿ-ի առաջարկը, սակայն իր հանձնաժողովում համաձայնել է ներառել երկու միջազգային դիտորդների, հայտնում է Gazeta.ru-ն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հրապարակել է հետաքննող հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովը կգլխավորի նախկին Գերագույն դատավոր Յակով Տիրկելը, կանդամակցեն միջազգային օրենսդրության մասնագետ Շաբտայ Ռոզենը եւ պահեստի գեներալ Ամոս Խորեֆը։

Հանձնաժողովի կազմում ներառված են նաեւ երկու միջազգային դիտորդներ՝ Նոբելյան մրցանակակիր Դեվիդ Թրիմբլը՝ Հյուսիսային Իռլանդիայից, եւ կանադացի դատավոր Քեն Ուոտկինը, հայտնում է izrus.co.il-ը։ Հանձնաժողովի կազմը կներկայացվի կառավարության հաստատմանը։