Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմը, որը բողոքում է համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի սկսած շինարարության դեմ, այսօր՝ օգոստոսի 5-ին, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի հետ զրույցում ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը նշեց, որ այսօր կեսօրից ՕԵԿ-ը կրկին շինարարական աշխատանքներ է սկսել, իրենք դիմել են ՄԻՊ գրասենյակ, ահազանգել են ոստիկանություն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն: «Քաղաքապետարանի համապատասխան վարչությունից ներկայացան, դադարեցրին շինարարությունը, բայց նրանց գնալուց 5 րոպե հետո շինարարությունը շարունակվեց: Զարմանալին այն է, որ բոլոր տեսակի վերադաս մարմինների առարկությունը շինարարության նկատմամբ ՕԵԿ-ը չի կատարում: Բազմաթիվ ակտեր են կազմել, բայց, միեւնույն է, շինարարությունը չի դադարում: Սա ուսանողների տարածքն է, որեւէ մեկն իրավունք չունի ուսանողների տարածքի վրա որեւէ գործառույթ իրականացնել»,-ասաց Յուրի Մարմարյանը:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը վիճելի տարածքում ցանկանում է դահլիճ կառուցել: Կուսակցության անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին:
Վիճահարույց տարածքի հարցով երկու կողմերն էլ դիմել են դատարան, որը, մինչեւ վերջնական վճիռ կայացնելը, որոշում է կայացրել՝ ՕԵԿ-ին թույլատրել վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր:
«Մենք իրենց բազմիցս զգուշացրել ենք, որ սպասեն դատարանի որոշմանը: Եթե դատարանը կորոշի, որ դա Տերյան 74-ն է, այն հասցեն, որտեղ Ագրարային համալսարանն է, քանդվելու է այդ տարածքը: Իրենք գաղտնի ամեն ինչ անում են, որովհետեւ գիտեն, որ դատավճիռը կլինի օբյեկտիվ, թեկուզ եւ իրենք օրինաց երկիր են, բայց կատարում են անօրեն գործողություններ»,-ասաց Յուրի Մարմարյանը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը NEWS.am-ին վստահեցրեց, որ իրենք ոչ թե շինարարություն են անում վիճահարույց տարածքում, այլ վերանորոգում են շինության տանիքը: «Դատարանը թույլ է տվել, որ տանիքի շինարարություն անենք, մենք այն կատարում ենք: Մենք մի կողմից դատարանի որոշումն ենք իրականացնում, մյուս կողմից քաղաքապետարանի՝ 2008թ. որոշումը»,-ասաց նա՝ չհերքելով, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները եկել ու ակտ են կազմել տարածքում:











