Հուլիսի 31-ին, ադրբեջանական կողմի հարձակման ժամանակ, հակառակորդի հետ ձեռնամարտի բռնված եւ վիրավորված Նորայր Քամալյանը երազում է շուտ առողջանալ եւ նորից գնալ սահմանը պաշտպանելու:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում բուժվող Նորայրը պատմեց, որ ինքը անզեն է պայքարել թշնամու դեմ եւ դեմքին մի քանի դանակի խաչաձեւ հարվածներ ստանալուց հետո էլ սրտում վախ չի եղել:

«Իրենք զինված էին եկել, բայց մենք իրենց դեմ ձեռքով կռվեցինք ու իրենք փախան, իրենցից վախենալ պետք չէ, ուղղակի թող զինվորները լինեն  շատ ավելի ուշադիր»,- ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արիության մեդալով պարգեւատրված  Նորայրը:

ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի Վերակենդանացման բաժնի բժիշկ Գայանե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինվորի առողջական վիճակը միջին ծանրության է՝ հետվիրահատական շրջանը բարդ է ընթանում: Նա շուտով կտեղափոխվի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք:

Երիտասարդը, սակայն, պնդում է, որ արդեն լավ է զգում եւ սպասում է իր ապաքինմանը, որպեսզի նորից շարունակի ծառայությունը:

Նորյարը Քամալյանը Զինված ուժերում ծառայել է 20 ամիս:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ, 30 վիրավոր: