Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի Twitter-ի էջից անհետացել է գրառումն այն մասին, որ նա միացել է լեհական «Խնձոր կերեք՝ Պուտինին զայրացնելու համար» ֆլեշմոբին: Ջնջված հրապարակումն ուղեկցվում էր խնձորը ձեռքին ուկրաինական նախագահի լուսանկարով եւ հետեւյալ մակագրությամբ. «Նախագահը սատարել է լեհական Jedz Jablka Na Zlosc Putinowi ակցիան»:

#JedzJabłka հեշթեգը Twitter-ում թրենդ է դարձել այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելել է Լեհաստանից մրգի ու բանջարեղենի ներմուծումը: Համացանցի օգտատերերը լուսանկարվում են խնձորով եւ կոչ անում ավելի ակտիվորեն միրգ ու բանջարեղեն գնել՝ տեղական ֆերմերներին աջակցելու համար:

Նախապես Պորոշենկոյի՝ խնձորով լուսանկարը սոցիալական ցանցերում հայտնվել էր լեհ քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Պավել Կովալի հետ հանդիպումից հետո: Բայց այն ժամանակ, ըստ BBC-ի ռուսական ծառայության, լուսանկարը չեզոք էր մակագրվել. «Երեկ հանդիպեցի իմ լավ ընկեր Պավել Կովալի հետ»: Լեհ քաղաքական գործիչն ի պատասխան շնորհակալություն էր հայտնել Պորոշենկոյին աջակցության համար՝ ավելացնելով արդեն տարածում ստացած #JedzJabłka հեշթեգը: