«Բանդայի գործով» ամբաստանյալ, «Բանդայի»  պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանը պնդում է, որ իրեն ավազակային հարձակումների համար մեղադրանք առաջադրելն իր եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի 35 տարվա վաղեմություն ունեցող թշնամության արդյունք է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, «Բանդայի գործով» դատական նիստին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արտուշ Հակոբյանը:

«Ալիկ Սարգսյանի մորաքույրն իմ հորեղբոր կինն էր, հիմա նրանք մահացել են: Մոտ 35 տարի առաջ իրենց տանն ուրախություն էր, եւ այդ առիթին մասնակցելու էին եկել հորեղբորս կնոջ հարազատներն Արտաշատից: Ալիկ Սարգսյանն այդ առիթի երաժիշտն էր: Իմ հիշելով՝ երաժշտի պատճառով կռիվ սկսվեց երկու բարեկամների միջեւ, արտաշատցիները սկսեցին ծեծել գառնեցիներին: Ես էլ 17 տարեկան տղա էի, եւ, տեսնելով, որ հորս, հորեղբորս ծեծում են, սկսեցի հարվածել  քարով, բահով, շլանգով, ու արտաշատցիները ջարդուփշուր եղած փախան: Դրանից հետո ես մինչեւ օրս չեմ հանդիպել Ալիկ Սարգսյանին: Եթե ինձ նման ձեւով մեղադրելը հիշաչարության, վրեժխնդրության հետեւա՞նք չէ, բա ի՞նչ է»,-պատմեց ամբաստանյալը:

Արտուշ Հակոբյանի խոսքով՝ այդ միջադեպից հետո ձերբակալել են իրեն, եղբորը, կնոջը,  քրոջ ամուսնուն, մյուս քրոջ տղային, ընկերոջը, եղբոր ըներոջը, ինչը նույնպես խոսում է այն մասին, որ Ալիկ Սարգսյանը փորձում է վրեժխնդիր լինել:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։