Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-9-ին Սոչիում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ պետք է զիջումների չգնա եւ չկատարի Ռուսաստանի հրահանգները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը:
«Ես ուզում եմ ասեմ, որ բոլորն էլ իմանան, թող Սերժն էլ իմանա, որ ռուսական այդ չարիքի կայսրության որեւէ հրահանգ, ցուցում կատարելով՝ ինքը ոչ միայն դառնալու է դավաճան, այլ իրավիճակ ա գալու, որ իրան խփելու են: Ես խուսափում եմ տենց բաներ ասելուց, որպեսզի ինչ- որ ասեմ, կարենամ անեմ: Չեմ ուզում դա հարյուր տոկոս հայտարարած լինեմ, բայց թող ինքը իմանա»,- ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանը եւ Ադրբեջանը «գլադիատոր» են Ռուսաստանի ձեռքին. «Ես իհարկե չեմ առաջարկում, որ մենք պատերազմ չմղենք Ադրբեջանի դեմ, քանի որ երկու գլադիատոր կռվում են նախ իրենց կյանքի խնդիրի համար: Պետք է կարողանա Հայաստանը հաղթել Ադրբեջանին, բայց վերջում նոր ֆռցնի ռուսական կեսարի վրա էդ թուրը: Ադբրեջանը պարբերաբար ռուսական կայսրության ձեռքին գործիք է եղել Հարավային Կովկասի ժողովուրդների նկատմամբ»:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ Ռուսաստանի թելադրանքով ընդունված որոշումները չեն ընդունվելու:
«Ես կոչ եմ անում, որ Սերժը ոչ մի զիջում չանի Սոչիում, կա Եվրոպա, կա Ամերիկա, կա քաղաքակիրթ աշխարհ, այդ հարցերը պետք ա լուծվի այնտեղ ու թող իմանա, որ ոչ մի ռուսական որոշում չի ընդունվի: Ես չեմ ուզում ասեմ ՝ հայ ժողովրդի կողմից չի ընդունվի: Տենց մեծ բաներ չի կարելի խոսալ, հայ ժողովրդի մեծամասնությունը միշտ էլ հարմարվել ա, ավելի վատ որոշումների հետ ա հարմարվել, բայց հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել ա մարդիկ, լավ տղերք, ու էլի են լինելու էդ տղերքը, որոնք չեն ընդունելու էդ որոշումը , որը կայացվել է Ռուսաստանի թելադրանքով ու բեսպրեդել ձեւով»,- դատարանին դահլիճում ասաց Շանթ Հարությունյանը:
Նշենք, որ վերջին շրջանում սահմանին լարվածությունը սրվել է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:











