«Բանդայի գործով» ամբաստանյալ, «Բանդայի» պարագլուխ Արտուշ Հակոբյանը «Բանդայի գործը» համարում է շոու, որի սցենարի հեղինակը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, «Բանդայի գործով» դատական նիստին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց Արտուշ Հակոբյանը:

 «Ինձ մեղադրում են այնպիսի սոսկալի հանցագործությունների մեջ, որոնց հետ ես կապ չունեմ: Այս գործը ոչ այլ ինչ է, քան մի շոուի սցենար, որի հեղինակը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում ինձ առաջադրված մեղադրանքում, որովհետեւ ես որեւիցե կապ չունեմ դրա հետ»,-ասաց նա: Ավելին՝ Արտուշ Հակոբյանն ասաց, որ նախաքննության ժամանակ 1 տարի քննիչը սուտ ցուցմունքներ է  կորզել:

«Քննիչ Հարությունյանը կատարել է ոչ թե քննիչի, այլ գրիչի դեր: Ասեմ ավելին՝  նախաքննական մարմինը չի բացահայտել այս քրեական գործով գլխավոր սրիկային կամ սրիկաներին: Չի բացահայտվել գողոնը,  երկաթյա պահարանները, իսկ ամբաստանյալի աթոռին նստած են մի խումբ մարդիկ, որոնք տարբեր հոդվածներով նախկինում դատված են եղել եւ որոնք անգամ իրար չեն էլ ճանաչում»,-ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ քննիչը խոշտանգումների է ենթարկել իրեն՝ ցուցմունք վերցնելիս:

Արտուշ Հակոբյանը պնդեց, որ ինքը մեղադրյալներից ճանաչել է միայն Արման Դալլաքյանին, իսկ մնացածներին առաջին անգամ դատարանում է տեսել: Նա ասաց, որ նախկին ոստիկանապետը ցանկացել է ցույց տալ, որ կարողացել է բացահայտել ավազակային հարձակումներ կատարած բանդան:

«Ալիկ Սարգսյանի եւ իր ղեկավարած գերատեսչության համար խնդիրն էր ինչ-որ կերպ, ցանկացած հնարքներով բացահայտման ցուցանիշ ցույց տային այսպես կոչված բանդայի կատարած հանցագործություններում, որպեսզի խուսափեին երկրի նախագահի նախատինքներից եւ պաշտոնանկումներից: Ոստիկանությունն էլ սկսում է գործել 37 թվականի բերիական սկզբունքներով, միայն մի տարբերությամբ, որ Լավրենտի Բերիան ասում էր՝ կան մարդիկ, կճարվեն հոդվածներ, իսկ Ալիկ Սարգսյանն ասում էր՝ կան հոդվածներ, կճարվեն մարդիկ, եւ ինչպես կասեր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ միլիցու հոգեբանությամբ, ղասաբական մեթոդներով ցուցմունքներ են կորզել եւ ամբաստանյալներից, եւ վկաներից»,-ասաց Արտուշ Հակոբյանը:

Ամբաստանյալը նշեց, որ ինքը ֆինանսապես ապահովված է, եւ ավազակային հարձակումներ կազմակերպելու կարիք չուներ:

Արտուշ Հակոբյանն իր ցուցմունքի ժամանակ նշեց, որ իր անունը ոստիկանությունում տվել է գործով մեղադրյալ, 1 տարի առաջ հիվանդանոցում վիրահատությունից հետո մահացած Արման Դալլաքյանը:

«Քանի որ ինձ չէին կարողանում կապել գործին, որոշեցին Արման Դալլաքյանին՝ ընկերոջս, բերել եւ ամենակեղտոտ ձեւով ցուցմունք կորզել, որ իմ անունը տա: Կտտանքները փառք են, անմարդկային ձեւով ստորացումների են ենթարկել, եւ նման ձեւով իրենց ուզած ցուցմունքները կորզել: Արման Դալլաքյանը մի քանի անգամ փորձել է կյանքին վերջ տալ, որպեսզի ազատվի անմարդկային կտտանքներից»,-ասաց ամբաստանյալը:

Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ իրեն տրամադրեն իր պաշտպանյալի ցուցմունքը գրավոր տարբերակով, որպեսզի ինքը կարողանա հարցեր նախապատրաստել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։