Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը այսօր անդրադարձել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բաշխյանի այն հայտարարությանը, որ 2009 թ. դպրոցաշինության նպատակով հատկացված բյուջետային միջոցները լիարժեք չեն օգտագործվել, իսկ բյուջեի հաշվետվության եւ նախարարի տրամադրած տեղեկանքների միջեւ կան հակասություններ:
Խնդիրը հետեւյալն է. ըստ բյուջեի հաշվետվության` դպրոցաշինության ծրագիրը կատարվել է 99.5 տոկոսով, այնինչ պատգամավորին տրված տեղեկանքում, 2009 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, 15 դպրոցների համար նախատեսված գումարներն ընդհանրապես չեն ծախսվել, իսկ 83 դպրոցներում դրանք կիսով չափ պակաս են ֆինանսավորվել: Նախարարը այդ հակասությունները բացատրեց նրանով, որ հավանաբար ուշացվել են հաշվետվությունները, բացի այդ` Անահիտ Բաշխյանին տրամադրվել են այլ տեղեկանքներ եւս: «Բայց Անահիտ Բաշխյանը բացի սեպտեմբերի տեղեկանքից ուրիշ տեղեկանք չի ընդունում»,- արդարացավ քաղաքաշինության նախարարը:




























