Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 6-ին, հարցաքննվեցին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած քաղաքացիական հագուստով ոստիկաններ Էդգար Ալեքսանյանը եւ Հարություն Ալեքսանյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության աշխատակից Հարություն Ալեքսանյանը պատմեց, թե Մաշտոցի պողոտայում ինչու է խախտել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանը եւ հեռվից երթը հսկելու փոխարեն մոտեցել երթի մասնակիցներին:
«Հեռվից տեսա սպորտային համազգեստով մի տղայի, որը ոստիկանության աշխատակցին փայտերով խփում էր: Հետո հեռացավ, կարգի բերեց հագուստը, որը մի քիչ քանդվել էր ոստիկանների հետ քաշքշվելուց, ու հանգիստ քայլերով, ոնց որ ոչինչ տեղի չէր ունեցել, շարժվում էր դեպի երթեւեկելի մաս: Մոտենալով ամբոխին՝ նկատում եմ, որ տղամարդու (նկատի ունի ամբաստանյալ Վահե Մկրտչյանին) աջ ձեռքը համազգեստի վերխի տակն էր ու մտածեցի, որ հնարավոր է՝ ինչ-որ գործիք է փորձում հանել: Մոտեցա, ներկայացա ու փորձեցի նրան կանգնեցնել, սակայն ինձ չհաջողվեց»,-պատմեց տուժողը:
Ոստիկան Հարություն Ալեքսանյանի խոսքով՝ դեպքի օրը իրեն հարվածել են ամբաստանյալներ Ալբերտ Մարգարյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը:
«Երթի մասնակիցներից մեկն, իմ ձեռքերից պրծնելով, առաջ է գնացել, էդ պահին մի տարիքով մարդ մոտիկացել է ու փայտով հարվածել է ինձ, ինչից ընկել եմ: Ընկած տեղս ինձ մոտիկացել է մի երիտասարդ եւ ընկած էլ է հարվածել, որտեղից ինձ տեղափոխել են Պռոշյան հիվանդանոց: Սկզբից հրավածողը Ալբերտ է եղել, իսկ գետնի վրա հարվածողը՝ Մկրտիչը»,-ասաց տուժողը:
Տուժող Ալեքսանյանը պատմեց, որ երթի մասնակիցներին ինքը ներկայացել է որպես ոստիկան, բայց վկայական ցույց չի տվել. «ասել եմ՝քրեական հետախուզությունից եմ, չդիմադրես: Այդ պահին այդպես էր հնարավոր ներկայանալ»:
Տուժողի այս պատասխանը բարկացրեց ամբաստանյալ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանին եւ նա ասաց. «Այդ պահին դա հնարավոր չէր, բայց դրա արդյունքում 14 հոգի դատվում ա»:
Հարություն Ալեքսանյանը դատարանին հայտնեց, որ միջադեպի ժամանակ վնասվել է քթի վերեւի հատվածը եւ ճակատը. «Ալբերտի հարվածից քթի վերեւի հատվածում եմ վնասվածք ստացել, Մկրտիչի հարվածից՝ ճակատային հատվածում, 3 ու 9 կար են դրել»:
Արման Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանի հարցին, թե ինչով կբացարի այն հանգամանքը, որ նախաքննական մարմնին տված ցուցմունքներում նա չի նշել, որ երթի մասնակիցներին մոտենալիս ներկայացել է, Հարություն Ալեքսանյանը պատասխանեց՝ «Նախաքննության ընթացքում նման հարց չի տվել քննիչը»:
Տուժած ոստիկան Էդգար Ալեքսանյանն, իր ցուցմունքով հաստատեց Հարություն Ալեքսանյանի խոսքերը եւ պատմեց՝ ինչպես են իրեն հարվածներ հասցրել.« Նկատեցի, որ կապիշոնով մի տղամարդ բռնել է Հարություն Ալեքսանյանի ձեռքերը եւ փորձում է քաշքշել:Մոտեցա եւ ներկայացա, որ ոստիկանության աշխատող եմ, ասացի՝ կատարեք մեր օրինական պահանջը: Տեսա՝ ինչպես են Հարությունին փայտով հարվածում, այնուհետեւ Վահեն ինձ բրթեց, ու իրար քաշքշելով՝ դուրս եկանք փողոց: Տեսա, որ Վարդան Վարդանյանը փայտով գալիս էր իմ վրա ու մեջքիս հարված զգացի: Հարվածներ էի ստանում ու գոռում, որ ոստիկանության աշխատակից եմ, մի խփեք: Կողքից լսեցի, որ ասում են՝ ա ա, խփեք: Հետո գլխիս հարված ստացա ու տեսա, որ Շանթ Հարությունյանը փայտը վերեւ բարձրացրեց, ասեց՝ ֆսյո»:
Շանթ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ամբաստանյալների փաստաբաններին հորդորեց հարցեր չուղղել քաղաքացիական հագուստով ոստիկաններին, ասելով, որ նրանց համարում է պրովակատորներ. «Մենք պրովակատր ենք բացահայտել, ինձ տեղյակ էին պահել, որ գալու են պրովակատրներ: Բացի թաղային խուժան պրովոկատորներից գալիս են նաեւ ոստիկան պրովակատորներ, որոնք տեսնում են, որ չի եղել իրենց սցենարը եւ դժվար ա եղել սարքել Շանթի դեմ, ու էդ ժամանակ իրանք իրենց ագենտներին են կիրառում որպես պրովոկատոր, որ բախում ստեղծեն»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:











