Հայաստանի կառավարությունը սեպտեմբերին օրենքի նախագիծ կներկայացնի Ազգային ժողով, որով առաջարկում է սահմանամերձ 30 համայնքներում հարկերից ազատել բոլոր նրանց, ովքեր կցանկանան գործարարությամբ զբաղվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Որպեսզի մեր բնակիչները չլքեն սահմանապահ գյուղերը, իրենք պետք է աշխատանք ունենան։ Դրա համար մենք օրենքի նախագիծ ենք պատրաստում, որը սեպտեմբերին կներկայացնենք Ազգային ժողով: Նախագծով այդ 30 համայնքներում, ով գործարարությամբ զբաղվի, ազատվելու է բոլոր տեսակի հարկերից։ Դա շատ մեծ քայլ է եւ մեծ կորուստ է մեր բյուջեի, մեր եկամուտների մասով։ Բայց մենք գնալու ենք այդ քայլին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ կառավարությունը շարունակելու է ամեն կերպ փորձել լուծում տալ սահմանամերձ գյուղերում առկա խնդիրներին:











