Հարավաֆրիկյան ֆերմաներից մեկի կյանքի մասին պատմող տեսանյութը, որտեղ առյուծներն ապրում են շների հարեւանությամբ, մի քանի օրվա ընթացքում YouTube-ում 3.5 մլն դիտում է ունեցել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
20 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակում պատկերված է, թե ինչպես է կորյունը թաքուն մոտենում տան մոտ նստած շանը: Բակում գտնվող շներից մեկը, տեսնելով խորամանկ կորյունին, հեռանում է, իսկ տեսանյութի գլխավոր հերոսը շարունակում է ուշադիր նայել տան ապակե դռանը: Նա հանկարծակի շրջում է գլուխը եւ կողքին առյուծին տեսնելով՝ վախեցած փախչում է, իսկ կադրից դուրս հնչում է օպերատորի ծիծաղի ձայնը:
Հոլովակն օգոստոսի 2-ին YouTube-ում տեղադրել է Շոն Սվինգլերը: Այն նկարահանվել է Քեյփթաունից (ՀԱՀ) ոչ հեռու գտնվող Քորնելսքոփ ուսումնական անասնաբուծական ֆերմայում: The Independent-ի փոխանցմամբ, առյուծներն ու շներն այնտեղ միասին խաղաղ ապրում են:
Ֆերման պատկանում է 1987 թվականին ստեղծված «Union Pictures» ընկերությանը: Այն վայրի, էկզոտիկ եւ ընտանի կենդանիներին պատրաստում է կինոյում նկարահանումների համար եւ արդեն աշխատել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Cadburys»-ը, «Canon»-ը եւ «Dulux»-ը:











