Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համոզված է, որ Սոչիում օգոստոսի 8-9-ին կայանալիք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպմանը նրանք կքննարկեն Լեւոն Հայրապետյանի կալանավորման հարցը:
«Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը Ադրբեջանի կողմից պատվեր լինելու վարկածը իրատեսական է, սակայն հաստատված չէ: Ես չեմ կարող դա պնդել: Ամենակարեւորը, որ ժողովուրդը համախմբած լինի: Բնական է, որ իշխանությունները դեռ չեն արձագանքել նրա կալանավորմանը, բայց ես համոզված եմ, որ նախագահների առաջիկա հանիպմանը այս հարցը կքննարկվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը, որն այսօր՝ օգոստոսի 7-ին, մասնակցում էր «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանին» կազմակերպված երթին:
Երթին մասնակցում էր նաեւ երգիչ դերասան Միքայել Պողոսյանը, որի խոսքով՝ հայ բարերարի ձերբակալությունը յուրաքանչյուր հայի արժանապատվության խնդիրն է. «Չգիտեմ՝ ով է այս ամենի հետեւում կանգնած, բայց կարեւորը մեր վերաբերմունքն է: Ամեն ինչ պետք է անենք, որ նրան ազատ արձակեն, դա կարող է շատ բաների սկիզբ լինել»:
Լեւոն Հայրապետյանին ազատել պահանջող քաղաքացիների մեջ էր նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, ում կարծիքով Լեւոն Հայրապետյանի կալանավորումը կապված է Արցախյան հարցի հետ:
«Սա անուղղակի ճնշում է Ադրբեջանի կողմից, սակայն, ես կարծում եմ, որ մենք կարող ենք լեզու գտնել Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական իշխանության հետ եւ հիշեցնել մեր բազմադարյա բարեկամության, ինչպես նաեւ Ռուսաստանի հումանիզմի մասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:











