Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԻՏՁՄ) պետական բյուջեից տրվող ֆինանսավորումը այս տարի կրճատվել է։ Այս մասին հուլիսի 14-ին «Արմատ» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ ավելացնելով, որ պետական բյուջեից միությանը տրված ֆինանսավորումը այս տարի կազմել է 12մլն դրամ, նախորդ տարի այդ գումարը կազմում էր 33 մլն դրամ։ Կառավարության որոշման համաձայն` ՏՏ ոլորտին աջակցման նպատակով 2010 թ. ընդհանուր առմամբ կծախսվի մոտ 80 մլն դրամ՝ 2009 թ. 170 մլն դրամի փոխարեն:

«Մեր միջոցառումները մենք անում ենք անկախ պետական աջակցությունից, այնպես որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող  միջոցառումների թիվը չի կրճատվելու»,- ասաց Վարդանյանը՝ ավելացնելով, որ պետական աջակցությունը նպաստում է  նմանատիպ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրենը այդ ամենը կապեց ճգնաժամի հետ եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի պետբյուջեից տրվող ֆինանսավորումը կշարունակվի եւ անգամ կավելանա։ ԻՏՁՄ-ն ՏՏ ոլորտում գործող հասարակական կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են նաեւ անդամավճարներից ու դրամաշնորհներից: Կ. Վարդանյանի տեղեկացմամբ` անդամավճարները կազմում են 18 մլն դրամ, իսկ դրամաշնորհներ ներկա պահին գրեթե չկան:

Անդրադառնալով Ծաղկաձորում հունիսի 12-13-ը «ՏՀՏ առաջնորդների առանց փողկապի հանդիպում» համաժողովին` Վարդանյանն ասաց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք պատրաստվում են առաջարկություններ մշակել երեք ուղղությամբ՝  ՏՀՏ կրթության ոլորտում մոտիվացիայի եւ հավակնությունների բացակայության խնդրի, պատվիրատու - կատարող խաթարված կապի եւ բուհը գիտահետազոտական կենտրոն դարձնելու հարցի:

NEWS.am-Ինովացիայի թղթակցի այն հարցին, թե որքանո՞վ էր արդյունավետ Ծաղկաձորում տեղի ունեցած ՏՀՏ կրթությանը նվիրված համաժողովը, երբ բացակայում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարը եւ ընդհանրապես կրթական ոլորտից ներկայացուցիչներ չկային, ԻՏՁՄ գործադիր տնօրենը ասաց. «Կրթության ոլորտը  ավելի շատ ներառված է ընդունելության քննությունների մեջ։ Կարծում եմ, որ նրանք ավելի կարճաժամկետ խնդիրը փոխարինել են ավելի երկարաժամկետ խնդրով»,- ասաց Վարդանյանը՝ ավելացնելով, որ իր համար ավելի կարեւոր է, որպեսզի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները քննարկեն եւ ընդհանուր համաձայնություն ձեռք բերեն  ՏՀՏ կրթության հիմնական խնդիրների շուրջ, քան կրթական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը։