Այս տարի 39 դիմորդի արգելվել է մասնակցել պետական միասնական քննություններին, քանի որ նրանք ավագ դպրոցն ավարտել են էքստեռն փոխադրման միջոցով, ինչն արգելվել է ԿԳ նախարարի հրամանով: Հիմա այդ շրջանավարտները կանգնել են փաստի առաջ, քանի որ բուհ ընդունվել չեն կարող, ու դեռ հայտնի չէ, թե որերորդ դասարանում են շարունակելու սովորել:

Այս խնդրին անդադառնալով՝ հունիսի 14-ին տեղի ունեցած ասուլիսում Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը նշել է, որ իրենց կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքում դպրոցի տնօրենների կողմից կոպիտ խախտումների 53 դեպք է արձանագրվել, որոնք ուղարկվել են դատախազություն: Գործերի վերջնական քննությունից հետո անպայման տնօրեններ կլինեն, որ կհեռացվեն աշխատանքից:

Նրա խոսքով, այդ 39 դիմորդների դեպքում, նրանք խախտումով են փոխադրվել հաջորդ դասարան:  Նրանք 9-րդ դասարանից 11-րդ դասարանում են հայտնվել կամ կիսամյակի սկզբում, կամ էլ ավարտին, երբ բուհերի հայտերն արդեն ներկայացված են եղել: Խաչիկ Մուրադյանի խոսքով, եթե անգամ նրանք քննություն տային եւ ընդունվեին, միևնույնն է, չէին կարողանալու սովորել բուհերում, քանի որ ատեստատ չունեն, իսկ ատեստատների բաշխումն իրականացվելու է Կրթության պետական տեսչության խիստ վերահսկողության ներքո: Մուրադյանի ներկայացմամբ, իրենց ուսումանասիրության ժամանակ այդ 39 աշակերտները դպրոցներում չեն ուսանել, հետեւաբար աշակերտ չեն եղել:

Կրթության տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանն էլ հավելել է, որ ուսումնասիրությունները շարունակվելու են մինչեւ միջնակարգ կրթության ատեստատների հանձնումը, եւ չի բացառվում, որ այս երեխաների թիվը ավելի մեծանա:

Հարցին, թե կոնկրետ այդ 39 աշակերտի մասով համապատասխան դպրոցների տնօրենները կհեռացվե՞ն աշխատանքից, Խ. Մուրադյանը պատասխանեց, որ այդպիսիք անպայման կլինեն, բայց ձեռնպահ մնաց անուններ տալուց: