Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված Բենիկ Օհանջանյանն արագ կողմնորոշվելու եւ գործելու շնորհիվ փրկել է ծառայակից 9 ընկերների կյանքը, սակայն կրակելու ընթացքում սայթաքել է եւ կոտրել ոտքը: ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքում գտնվող 19-ամյա զինծառայողն իրեն արդեն լավ է զգում, վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Գիշերը ժամը 02:00-ի մոտ էր, որ ընկերոջս՝ Գրիգոր Գրիգորյանի ուղղությամբ ադրբեջանցիները նռնակ նետեցին ու սկսեցին կրակել, այդ պահին ես էլ սկսեցի իրենց ուղղությամբ կրակել: Ադրբեջանցին 3 կողմից կրակում էր, բայց ես կարողացա նրանց լռեցնել: Էդ պահին 9 հոգով էինք. ես էլ հիվանդանոցում եմ, որովհետեւ կրակելու պահին սայթաքեցի ու ընկա, բայց շարունակում էի կրակել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց վիրավորված զինծառայողը:
Բենիկ Օհանջանյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղից է, որոշել էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել: Այսօր արդեն 1 տարվա շարքայինը սպասում է, թե երբ է վերջնականապես ապաքինվելու, որ նորից դիրքեր մեկնի: NEWS.am-ի հետ զրույցում Բենիկի հայրը՝ Գառնիկ Օհանջանյանը նշեց, որ որդու ցանկությանը երբեք դեմ չի գնալու:
«Հերոսի հայր եմ, տղաս միշտ էլ պատրաստ էր, որ կռվեր հայ ժողովրդի համար, ինքը ասում ա՝ հենց որտքի կանգնեմ, գնալու եմ: Մենք բոլորս էլ պատրաստ ենք ծառայության, մեծ տղաս էլ մի քանի օրից դիրքեր կմեկնի՝ սահմանը պահելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:











