«Ամառը թեժ է լինելու եւ «Ժառանգությունն» այս ամառ չի հանգտանալու»,- հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Մինչեւ հուլիսի կեսը մեր կուսակցության համար ակտիվ ամառ է լինելու, իսկ դրանից հետո, կարծում եմ, նոր վարչությունը պետք  է առավել ակտիվ ամառային  գործունեություն իրականացնի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե այս ողջ ընթացքում կուսակցությունը չի հանգստացել եւ մի շարք հանդիպումներ է ունեցել մարզերում։ Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, թե «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը նախապատրաստվելու է ԱԺ աշնանային նստաշրջանին ու աշխատանքներ է տանելու մի շարք օրինագծերի նախագծերի վրա։

«Այս պահի դրությամբ թե՛ մեր պատգամավորները, թե՛ փորձագետները, աշխատում են  մի շարք օրինագծերի վրա, եւ այնպես պետք է անենք, որ նստաշրջանն սկսվելուց առաջ դրանք արդեն իսկ անցած լինեն կառավարության նիստերով՝ ունենալով համապատասխան եզրակացություններ, եւ քննված լինեն ԱԺ համապատասխան հանձնաժողովներում»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, թե այս պահի դրությամբ պատրաստ է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի «Ժառանգության» այլընտրանքային տարբերակը, որը թեեւ չընդունվեց, սակայն այնուամենայնիվ խմբակցությունը կդնի շրջանառության մեջ։

Մյուս օրինագիծը, որի ուղղությամբ խմբակցությունը աշխատանքներ է տանում,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծն է, որը ԱԺ աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայում պետք է դրվի քննարկման՝ որպես արտահերթ հարց։

«Ես կարծում եմ, որ «Ժառանգությունը»՝ ի դեմս նոր վարչության, պետք է լուրջ քարոզչություն տանի՝ համապատասխան մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ, որպեսզի օրինագծի քննարկման ժամանակ լինի ակտիվ հասարակական  աջակցություն,-նկատեց Սաֆարյանը։