«Ժառանգություն» կուսակցութայն արտահերթ համագումարը տեղի կունենա հուլիսի 10-ին, Կառավարության նիստերի դահլիճում։ Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու համանուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե համագումարի օրակարգը դեռեւս ամբողջովին հաստատված չէ. օրակարգում կլինեն նոր վարչության կազմավորման, նախորդ համագումարից մինչեւ այժմ ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքի հաշվետվության, ինչպես նաեւ կուսակցության ապագա քայլերին վերաբերվող հարցեր: Մարտիրոսյանը միաժամանակ հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե կուսակցությունը հնարավոր է գլխավորի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կամ «Ժառանգություն»-ը ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ համագործակցի՝ Քոչարյանի վերադարձն ապահովելու հարցում։ «Հանկարծակի բաներ չեն լինի, ամեն ինչ կլինի քաղաքական տրամաբանության շրջանակում»,-խոստացավ Արմեն Մարտիրոսյանը։
NEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանի երեք նախագահները հրավիրվելու են համագումարին, Սաֆարյանն արձագանքեց, թե համագումարը բաց է, բայց հրավերներ դեռեւս չեն ուղարկվել: «Եթե կարծում եք, որ արտահերթ համագումարը իրենց հետ կապ ունի՝ միգուցե առաջարկեք։ Չենք կարծում, որ մեր արտահերթ համագումարը իրենց հետ կապ ունի»,- ի պատասխան արձագանքեց Սաֆարյանը, իսկ Մարտիրոսյանն էլ լրացրեց գործընկերջը. «Ժառանգությունն» այն կարծիքին է, որ հասարակությանը հուզող խնդիրների քաղաքական լուծումները երեք նախագահների եռանկյունուց դուրս են։ Մենք այդ եռանկյունին պետք է քանդենք։ Մեզ հիմա պարտադրված է այդ եռանկյունին, իսկ այդ եռանկյունին, համենայնդեպս, պետությունն առաջ չի տանում։ Մենք պետք է դուրս գանք այդ եռանկյունուց»։
Նշենք, որ համագումարին ներկա է լինելու նաեւ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննսիյանը։ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ անձամբ ինքը շատ է ուզում, որ կուսակցության վարչությունը կրկին ղեկավարի Հովհաննիսյանը։




























