Երկրում թեեւ արտահերթ ընտրությունների հիմքեր կան, սակայն գործընթաց, որը կբերի արտահերթ ընտրությունների, տեղի չի ունենում՝ հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
«Գործընթաց, որպես այդպիսին, որ կբերի արտահերթ ընտրությունների, այս պահին ես չեմ տեսնում։ Քաղաքական հիմքեր արտահերթ ընտրությունների համար ես հստակ տեսնում եմ, դա եւ՛ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների չլուծումն է՝ ամբողջ սպեկտրով վերցրած, եւ՛ ազատ տեղեկատվություն, եւ՛ մարտի 1, եւ՛ չբացահայտված սպանություններ, եւ՛ սոցիալ-տնտեսական իրավիճակը հանրապետությունում՝ առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու հաշվով, արտաքին մարտահրավերների այս ամբողջ ներկապնակն իր միասնության մեջ»,-հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։ Պիտի խոստովանել, որ այնուամենայնիվ չկա այդ գործընթացը, որը լուրջ հիմքերի վրա կհամախմբեր հասարակությանը եւ կհասունացներ այդ պահանջը, որը շատերի շուրթերին է»,-գործընկերոջ միտքը շարունակեց Ստեփան Սաֆարյանը։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ արտահերթ ընտրությունների պատճառ կարող է դառնալ երեք հանգամանք՝ ներիշխանական հակասությունները, հայ–թուրքական գործընթացն ու ղարաբաղյան խնդրում ոչ հայանպաստ զարգացումները։ Հայ-թուրքական գործընթացը, սակայն, ըստ «Ժառանգության» գործիչների, չօգտագործվեց ընդդիմության կողմից՝ արտահերթ քաղաքական զարգացումների պատճառ դարձնելու համար, իսկ ԼՂ հարցում, ըստ «Ժառանգության» վարչության նախագահի, Հայաստանի իշխանությունները դժվար թե գնան ոչ հայանպաստ լուծումների՝ ստորագրելով ինչ-ինչ փաստաթղթեր։ «Ժառանգության» ներկայացուցիչները, միաժամանակ, հաջողություն մաղթեցին Հայ ազգային կոնգրեսին՝ արտահերթ ընտրությունների իրենց պահանջն իրականացնելու գործում՝ նշելով, թե որքան շուտ երկրի կառավարման համակարգում առողջացում սկսվի, այնքան լավ։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իր վերջին հանրահավաքում, որպես երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու քայլերից մեկը, նշել էր հունիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը։




























