Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում բռնկված վարակը, նախնական տվյալներով, լեպտոսպիրոզ է: Այդ մասին NEWS.am-թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը:
«Հիվանդության կլինիկան նման է լեպտոսպիրոզ հիվանդությանը, սակայն դա հաստատված չէ, որովհետեւ դեռեւս չկան լաբորատոր քննության արդյունքները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հիվանդությունը մարդկանց փոխանցվում է առնետների միջոցով: Նրանք վարակում են ջուրը, իսկ վարակված ջրից օգտվող մարդիկ հիվանդանում են լեպտոսպիրոզով:
Նախարարը նաեւ նշեց, որ հիվանդների վիճակը բավարար է, արդեն 3 հոգի դուրս են գրվել: Սերգեյ Մովսիսյանի խոսքով, վաղը Երեւանից ժամանած մասնագետների հետ հիվանդներին քննելուց հետո հնարավոր է նոր մարդկանց եւս դուրս գրեն:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն` Քաշաթաղի շրջանում ինֆեկցիոն համաճարակի բռնկման վերաբերյալ: Վարակվածների թիվը հասնում էր 54-ի:




























