Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում եզդիների սպանդը դադարեցնելու պահանջով այսօր՝ օգոստոսի 8-ին, Հայաստանում Իրաքի դեսպանատան մոտ հավաքված մի քանի տասնյակ եզդիներին մոտ մեկ ժամ անց հանդիպեց Հայաստանում Իրաքի դեսպան Ղազի Տահիր Խալեդը, որն ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ Իրաքի կառավարությունը եզդիներին ոչնչով օգնել չի կարող:
«Երկրի ամբողջ տարածքում պատերազմ է ընթանում եւ այն իրականացնում են ահաբեկչական խմբավորումները: Այնուամենայնիվ, ձեր պահանջը կփոխանցեմ Իրաքի կառավարությանը»,-ակցիայի մասնակիցներին ասաց դեսպանը:
Եզդիները դեսպանին խնդրեցին, որ դեսպանատունը միջնորդի Իրաքի կառավարությունը, որ նա գոնե հումանիտար օգնություն ցուցաբերի Շանգալի իրենց ազգակիցներին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները դեսպանի հետ հանդիպելուց հետո ուղեւորվեցին դեպի ԱՄՆ դեսպանատուն, նրանք այժմ պահանջում են հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ՝ սպառնալով, որ, եթե չհանդիպի, իրենք կփակեն Իսակովի պողոտան:











