Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձեւավորված  աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման եւ խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու եւ լուծումներ տալու նպատակով:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ  ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են իրականացվել: Լուծարման աշխատանքին տեղում հետեւել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Վերոհիշյալ աշխատանքները շարունակվել են նաեւ վերջին շաբաթվա ընթացքում: Արդյունքում՝ ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի տարածքում գործող երկու՝ «Կարապետ Բադալյան» ԱՁ եւ «Մարինե Բադալյան» ԱՁ ձկնաբուծական տնտեսություններում փականային ռեժիմի բերելու միջոցով կատարվել են օգտագործվող ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցառումներ՝ համապատասխանաբար խնայելով  160 լ/վ եւ 103 լ/վ արտեզյան ջուր:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի իրականացրած միջոցառումների շնորհիվ վերջին 10 օրվա ընթացքում խնայվել է մոտ  340 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 10.7 մլն խ/մ ջուր:

Մինչ այդ ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել եւ կոնսերվացվել էր 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ: