Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ Շանգալ բնակավայրում եզդիների սպանդը դադարեցնելու պահանջով այսօր՝ օգոստոսի 8-ին, մի քանի տասնյակ եզդիներ Հայաստանում ԱՄՆ դեսպանին ուղղված նամակ հանձնեցին դեսպանատան աշխատակցին, որով պահանջում են ԱՄՆ իշխանություններին միջնորդել՝ դադարեցնել Իրաքում եզդիների սպանդը:
«Խնդրում ենք դեսպանին փոխանցել, որ շուրջ 300 հազար եզդիներ Շանգալի սարերում են, հազարավորները կոտորվել են, կանայք ու երեխաները գերեվարության մեջ են, եւ մենք խնդրում ենք, որ ԱՄՆ-ի օգնությունը լինի լիարժեք եւ իրական: Շանգալի եզդները ոչ մի մեղք չունեն, նրանց մեղքն այն է, որ եզդի են ծնվել եւ մահմեդականություն չեն դավանում: Եվ խնդրում ենք ձեզ ու միջազգային հանրությանը՝ դատապարտել այն, որ մարդուն սպանում են ազգային պատկանելիության համար»,- ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը՝ նշելով, որ Շանգալում 1500 եզդիներ արդեն զենքը ձեռքին պայքարում են, նրանց են միացել նաեւ եզդի կանայք:
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցն Ամո Շարոյանին խոստացավ նամակը հանձնել դեսպան Ջոն Հեֆֆերնին:
Ակցիայի մասնակից եզդիներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին կառավարության շենքի մոտ՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով օգնել Իրաքի եզդիներին, որոնց սպանում են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները:
«Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ Հայսատանին եւ իրավունք ունեմ այսօր Հայաստանից պահանջել, որ իմ ազգին պաշտպան կանգնի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քյարամ Աջոյանը:
Ակցիայի մասնակից, լրագրող Բորիս Թամոյանն էլ ասաց, որ եթե կառավարությունից իրենց չպատասխանեն եւ մարդասիրական օգնություն չցուցաբերեն Շանգալի եզդիներին, իրենք նստացույց կանեն:
«Հիմա մենք սպասում ենք նամակի պատասխանին՝ հասկանալու համար, թե ինչով են պատրաստ մեզ օգնել: Եթե մի բեռնատար օգնություն չեն կարող տրամադրել, թող այդպես էլ ասեն: Եթե իշխանությունները մեզ չպատասխանեն, մենք նստացույց կանենք»,- հավելեց Բորիս Թամոյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նա ծանոթացավ եզդիների խնդրին եւ խոստացավ այն ներկայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:











