Եթե Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իրենց ավարտված դավաճաններ չեն համարում, ուրեմն պետք է պահանջեն, որ Ռուսաստանը՝ որպես կոմնակալ եւ շահագրգիռ երկիր, հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կազմից: Այսօր՝ օգոստոսի 8-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին նման հայտարարություն արեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:
«Վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունը անհրաժեշտ է դարձնում ոչ միայն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքները, այլ իրականացնել որոշակի փոփոխություն համանախագահների կազմում: Քանի դեռ Ռուսաստանը այդ խմբում որոշիչ մասնակցություն ունի, Ղարաբաղի հարցը երբեք արդարացի լուծում չի ստանալու: Ռուսաստանը հանդես է գալիս՝ որպես ադրբեջանական շահերի ու տեսակետների խոսափող»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել 1921թ.մարտի 16-ին Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրից, պարտավորված է Ղարաբաղյան խնդիրը լուծել՝ հօգուտ Ադրբեջանի. «1921թ-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը գործում է մինչեւ այսօր: Մոսկվայում Մեդվեդեւն ու Էրդողանը նշեցին ռուս–թուրքական Մոսկովյան պայմանագրի 90-ամյակը: Քանի դեռ նա չի հրաժարվել այդ պայմանագրից, չի կարող հանդես ոչ միայն չեզոք եւ անկողմնակալ հիմքերից, այլ ամեն կերպ ձգտելու է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»:
Ըստ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարի՝ Ռուսաստանի կողմնակալության մասին տեղյակ են նաեւ Հայաստանի իշխանությունները, բայց լռում են, քանի որ «Մոսկվայի դրածոներ են»:
«Այսօր շատ հարմար է, որ Սերժ Սարգսյանը Սոչիում Պուտինին ներկայացնի Ռուսաստանի մասնակցության աննպատակահարմարության հարցը՝ վերը նշված պատճառներով եւ Էդվարդ Նալբանդյանին համապատասխան փստաթղթեր նախապատրաստի Միսկի խմբից Ռուսաստանին հեռացնելու համար»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Հայտարարության ժամանակ Շանթ Հարությունյանը մի քանի խորհուրդ տվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին.
«Թող Սերժենք հույս չունենան, թե Միկոյանի ճակատագիրն ա իրանց սպասվում, իրանց սպասվում է Միլոշևիչի ճակատագիրը: 20-րդ դարի Ռուսաստանը այլ պրոցեսի մեջ էր, իսկ 21-րդ դարի Ռուսասատանը՝ այլ: Ես կարող եմ խորհուրդ տալ՝ գնան Քոչարյանին հարցնեն, ինքը իրանց շատ լավ կբացատրի: Ռոբերտ Քոչարյանը խոսելով Լեւոնի շարժման մասին, ասում էր՝ մեր ժամանակ մի շարժում հաջողության հասավ, որովհետեւ պետության համակարգի քայքայման գործընթացը նպաստում էր դրան, պետության ամրացման գործընթացում նման պրոցես չի լարող լինել ու ես կարծում եմ, որ էսօր ռուսական էն ժամանակվա հզոր կայսրության ձեւավորման պրոցեսը հեչ էլ նման չի այսօրվա Ռուսաստանի քայքայման պրոցեսին: Եթե չեն հասկանում, Սերժենք թող էթան, Քոչարյանը իրանց տոչնի կբացատրի ու եւ ինչ որ ասեցի, վերաբերվում ա նաեւ Քոչարյանին»:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 9-ին Սոչիում:











