Մի քանի օր է` ինտերնետային ծառայություններ մատուցող «Էքստերնետ» կամ Xter.net ընկերությունը, առանց բաժանորդներին իրազեկելու, դադարեցրել է ինտերնետի մատակարարումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը NEWS.am-ի հարցմանը պատասխանեց, որ ընկերության կողմից լիցենզիան կասեցնելու հայտ չեն ստացել: Հանձնաժողովից փորձել են կապ հաստատել «Էքստերնետի» հետ, սակայն անհաջող:

Հայտնի է դարձել միայն, որ ընկերության տնօրենը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս: «Էքստերնետը» մոտ 400 բաժանորդ ունի, որոնց բոլորի ինտերնետային կապն արդեն երրորդ օրն է` ընդհատվել է: Որոշ բաժանորդներ կապից զրկվել էին ավելի վաղ: Այսպես` Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը ինտերնետից զրկվել է դեռեւս մայիսի 21-ին: Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով` «Էքստերնետն» անջատել է ինտերնետը, ու որեւէ կերպ կապ հաստատել նրանց հետ հնարավոր չէ: Բարսեղյանի խոսքով` ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անիմաստ է, քանի որ նրանք պարզապես սնանկ կհայտարարվեն: Նշենք, որ որոշ բաժանորդներ «Էքստերնետին» մինչեւ 9 ամսվա կանխավճարային մուծում են կատարել:

«Էքստերնետը» նաեւ հոսթինգային ծառայություններ է մատուցել` am.տիրույթում սպասարկելով մի շարք վեբ-կայքեր: Նմանատիպ կայքեր ունեցողներն ամենաշատն են տուժել, քանի որ այլ ընկերությունների բազաներում կայքերի վերատեղադրումը զգալի ժամանակ է պահանջում: