ՀԱՊԿ անդամ-պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղըրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան) անվտանգության խորհուրդների քարտուղարները, որոնք հավաքվել էին հունիսի 14-ին Մոսկվայում՝ խորհրդակցելու Ղըրղզստանի իրավիճակի շուրջ, հայտարարությւն են ընդունել:

«Ղըրղզստանի կառավարության ձեռնարկած ջանքերը բավարար չեն երկրում իրավիճակի կարգավորման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Անվտանգության քարտուղարները դիմել են Ղըրղզստանի ժողովրդին՝ կոչ անելով չենթարկվել սադրանքների եւ հրաժարվել բռնություններից: Նրանք անհանգստություն են հայտնել Ղըրղզստանի հարավում կատարվող իրադարձությունների կապակցությամբ, եւ համոզմունք հայտնել, որ ՀԱՊԿ պետությունների աջակցությամբ արվելիք ջանքերը կտան իրենք արդյունքը:

Նրանք նաեւ կոնկրետ քայլեր են մշակել ազգամիջյան լարվածությունը թուլացնելու համար:

Նիստին մասնակցել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որը արտակարգ կարգով մեկնել էր Մոսկվա:

Ղըրղզստանի հարավում բախումներն ընթանում են հունիսի 11-ից: Վերջին տվյալներով, անկարգությունների սկզբից առ այսօր սպանվել են 124 մարդ, վնասվածքներ ստացել 1,6 հազար մարդ: