«ԴԵՄ ԵՄ» շարժման անդամներ Սերգեյ Ղահրամանյանի եւ Նելլի Գյուրջյանի Երեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 9-ին կայացած պսակադրության արարողությանը հյուրերը եկել էին ավտոմեքենաների ապակիներին «ԴԵՄ ՉԵՄ միասին ծերանալուն» գրությամբ պաստառներ փակցրած: Զույգի՝ «ԴԵՄ ՉԵՄ միասին ծերանալուն» կարգախոսի մասին հիշեցնում էին նաեւ նրանց հարսանեկան տարոսիկները։

Եկեղեցու խորանի առջեւ քահանայի՝ «Դուստր իմ, հարս, մինչեւ ի մահ հնազա՞նդ ես ամուսնուդ» հարցին հարսնացուն պատասխանեց. «ԴԵՄ ՉԵՄ, հնազանդ եմ»։

Սերգեյի եւ Նելլիի պսակադրությանը ներկա էին ոչ միայն նրանց բարեկամները, այլեւ «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սա «ԴԵՄ ԵՄ» շարժման ամենամեծ հաջողությունն է, երբ ծնվում է նոր ընտանիք։ Թող մեր հասարակությունը, հատկապես՝ պետական այրերը, տեսնեն եւ հասկանան, թե «ԴԵՄ ԵՄ»-ն ինչ լավ շարժում է, որ հայկական նոր օջախ է ստեղծում։ Անսահման սեր, երջանկություն եմ մաղթում այս նոր ընտանիքին։ Ամենակարեւորը՝ բազմազավակ ընտանիք լինի եւ իրենց զավակները մեծանան առանց պարտադիր կուտակայինի երկրում»,- լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը։ 

Նշենք, որ 27-ամյա ծրագրավորող Սերգեյ Ղահրամանյանը եւ տնտեսագետ Նելլի Գյուրջյանը հանդիպել եւ սիրահարվել էին կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» շարժման հանրահավաքների ժամանակ, իսկ 3 ամիս անց որոշել էին ամուսնանալ։