Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղեւորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:

Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաեւ ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:

Քաղաքացիական ավիացիայում առկա աղբյուրի խոսքով՝ վթարի հետեւանքով զոհվել է 48 մարդ, այդ թվում 7 երեխա: Ողջ մնացածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, տուժածների վիճակի մասին ոչինչ չեն հաղորդում:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի շրջանում: Փորձագետները վթարի պատճառներից մեկն անվանում են շարժիչ անսարքությունը:

«Taban Airlines» ավիաընկերության Ան-140 օդանավը Թեհրանից մեկնում էր իրանական Թաբաս քաղաք: Նախնական տվյալներով, զոհվել է 39 մարդ, 9 հոգու հաջողվել է փրկվել: Օդանավն օդ է բարձրացել, մի քանի վայրկյան թռչել, հետո բախվել գետնին: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի վթարի պատճառ կարող էր ծառայել շարժիչի խափանումը:

Հայաստանում Իրանի դեսպանության նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: