Պլովդիվի «Տրակարտ» մշակութային համալիրի ցուցասրահում կայացել է հունիսի 11-ին վերջերս Սոֆիայում «ՎԱԿՈՆ» հրատարակչության կողմից տպագրված ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեյի «Երեւան» գրքի բուլղարերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը փաստավավերագրական վեպ է, որում հեղինակն ականատեսների եւ պատմական փաստերի ներկայացմամբ,անդրադարձել է 1915-22թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին եւ ցեղասպանության խնդրին: Գրքում օգտագործված փաստերը, հերոսները, հիշատակված անձինք նույնպես իրական են, քանի որ դրանք վերցված են նշյալ ժամանակահատվածը բնութագրող արժեքավոր փաստաթղթերից:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին ներկա Բուլղարիայում Հայաստանի դեսպան Մանասարյանը, ողջունելով նախաձեռնողներին եւ շնորհակալություն հայտնելով գրքի թարգմանիչ-խմբագիր Զլատկո Ստայկովին, եւս կարեւորել է այն հանգամանքը, որ վեպը բոլորի կողմից գնահատվում է ոչ միայն որպես գեղարվեստական ստեղծագործություն, այլ` փաստավավերագրական մի փոքրիկ արխիվ, որի շնորհիվ ընթերցողին հնարավորությունն է տրվում օբյեկտիվ գնահատել տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես` հայերի նկատմամբ թուրքերի գործած բարբարոսություններն ու վայրագությունները: