Իրանի նավթի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Nabucco գազատարով գազ մատակարարել Եվրոպա:

Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ Եվրոպան ձգտում է էներգակիր աղբյուրների բազմազանեցման, Իրանը կարող է բավարարել մայրցամաքի պահանջարկի մի մասը՝ Nabucco գազատարով մատակարարումների միջոցով, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Փոխնախարարը նշել է, որ վերջերս Իրան այցելած Եվրոպայի երկու պատվիրակությունները քննարկել են մայրցամաքի երկրներին իրանական գազ մատակարարելու տարբեր երթուղիներ: 

Թեհրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները թուլացնելուց հետո Իրանը  եւ եվրոպացի գործընկերները պետք է որոշեն խնդիրը լուծելու ուղիները, ասել է Մաջեդին: Ըստ նրա` իրանական գազի արտահանումը կարող է իրականացվել Թուրքիայով, Իրաքով, Սիրիայով, Կովկասի տարածաշրջանով, ինչպես նաեւ Սեւ ծովով: Սակայն, նշել է նա, Թուրքիայով մատակարարումներն  ավելի հավանական են:

Nabucco գազատարի շինարարության նախագիծը նախատեսում է էներգապաշարների մատակարարում Կենտրոնական Ասիայից եւ Ադրբեջանից ԵՄ երկրներ` շրջանցելով Ռուսաստանը: Սկզբնապես շինարարությունը նախատեսվում էր սկսել 2011 թ., սակայն դրա իրականացումը մի քանի անգամ հետաձգվել է եւ մինչ այժմ հարցականի տակ է` գազի հնարավոր մատակարարների հետ կապված խնդիրների պատճառով: