Հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը պատաստ է «Nabucco» խողովակաշարով Եվրոպային գազ մատակարարել, քաղաքական առիթ է՝ այսօրվա քաղաքական կոնյունկտուրայի ֆոնին, ԻԻՀ-ի ատոմային ծրագրի շուրջ ընթացող բանակությունների շրջանակներում Ամերիկայի եւ Եվրամիության ուշադրությունը Իրանի վրա հրավիրելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուս տնտեսագետ, Ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ Իոսիֆ Դիսկինը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ալի Մաջեդի հայտարարությանը՝ «Nabucco» խողովակաշարով Եվրոպային գազ մատակարարելու իրանական կողմի պատրաստակամության մասին:
Դիսկինի խոսքով՝ սկզբի համար «Nabucco» խողովակաշարը դեռ պետք է կայանա: «Այն անցկացնելու շուրջ բանակցությունները, ըստ էության, դադարեցվել են, դրանք պետք է սկզբից սկսել, բացի այդ շատ անկատար բաներ կան: Ընդհանրապես, ես չեմ կարծում, որ նման իրավիճակում Իրանի քաղաքական ղեկավարությունը նման քայլի կդիմի», - նշեց տնտեսագետը:
Նա ընդգծեց, որ Իրանը բավականին լուրջ գործարք է կնքել Ռուսաստանի հետ՝ «նավթը սարքավորումների դիմաց»: «Այդ գործարքի համաձայն, վերջերս սկզբունքային որոշում է ընդունվել, որ Իրանը Ռուսաստանին մատակարարում է նավթ, իսկ Ռուսաստանը նավթահանման համար սարքավորումներ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ նման ոչ բարեկամական առաջարկությունը չի խարխլի նախանշված գործարքը, սակայն դժվար թե առաջխաղացնի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնությունը, ինչի շնորհիվ Իրանը դուրս կգա պատժամիջոցներից», - եզրափակեց Իոսիֆ Դիսկինը:
Հիշեցնենք, որ Nabucco գազատարի շինարարության նախագիծը նախատեսում է էներգապաշարների մատակարարում Կենտրոնական Ասիայից եւ Ադրբեջանից ԵՄ երկրներ` շրջանցելով Ռուսաստանը: Սկզբնապես շինարարությունը նախատեսվում էր սկսել 2011 թ., սակայն դրա իրականացումը մի քանի անգամ հետաձգվել է եւ մինչ այժմ հարցականի տակ է` գազի հնարավոր մատակարարների հետ կապված խնդիրների պատճառով:





























